Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հրավերով Հայաստանում է հանրաճանաչ արգենտինացի բանդոնեոնահար ԿԱՐԼՈՍ ԲՈՒՈՆՈՆ, ում ղեկավարությամբ մայիսի 27-ին, ժամը 19-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կներկայացվեն արգենտինական տանգո երաժշտության գեղեցիկ նմուշներ:
Տանգոյի հայրենիքը Արգենտինան է: 20-րդ դարի վերջին տարբեր երկրներից Բուենոս Այրես ժամանած գաղթականները բերում են իրենց երաժշտական ավանդույթները և ֆոլկլորը։ Միախառնվում են աֆրիկյան տանգանոի ռիթմը, արգենտինական միլոնգան, հավանայի հաբաներան, իսպանական ֆլամենկոն, հնդկացիների ծիսական պարերը, լեհական մազուրկան, գերմանական վալսը:
Կարլոս Բուոնոն լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց, որ տարբեր մշակույթների համադրումը Արգենտինայի հարստութունն է. «Կարճ օրինակ. հայրս իտալացի է, մայրս` իսպանուհի, կինս շվեյցարուհի է, տղաս ամուսնացել է գերմանուհու հետ, աղջիկս` իռլանադացու: Մի խոսքով` սա Արգենտինան է»:
Ձեր ընտանիքում սիրո՞ւմ են տանգո պարել հարցին` պատասխանեց. «Ո՛չ: Որովհետև առավոտյան ես նվագում եմ տանգո, կեսօրին լսում են տանգո, երեկոյան փորձեր եմ անում: Ընտանիքս ինձ շատ է օգնում, բայց իրենց համար դա բավական է»:
Երաժիշտը, անդրադառնալով տանգոյի ստեղծման պատմությանը` նշեց, որ սկզբում տանգոն պարել են տղամարդիկ: Կանանց համար դա համարվում էր գռեհիկ պար. «Տանգոն, նույնիսկ տանգոյի նախնական անվանումները բավականաչափ գռեհիկ էին, և հասարակության կողմից լավ չէր դիտվում տանգո պարելը: Բայց քանի որ երաժշտությունը շատ գեղեցիկ էր, հնարավոր չէր կտրականապես հրաժարվել տանգոյից: Տանգոյի ուժը հենց իր ակունքների մեջ է»:
«Այսօր արդեն ազատորեն պարում են բոլորը: Տղամարդկանց հետ կանայք են զույգ կազմում: Տանգոն զույգերի պար է, բայց կարծես հակամարտություն, պայքար, ըմբոստություն, խռովք, և' սեր, և' ատելություն կա: Պարում են անժպիտ, անխոս, նույնիսկ ընդունված չէ իրար աչքերի մեջ նայելը». «Իրատեսի» այդ դիտարկմանն անդրադառնալով` Կարլոս Բուոնոն նկատեց, որ սա միակ պարն է, որ մտերմություն է հաստատում կնոջ և տղամարդու միջև, պարողները երբեմն հենց պարի ընթացքում են հասկանում` կլինի՞ մտերմություն, թե՞ ոչ:
«Պարո՞ւմ եք ինքներդ տանգո» հարցին ի պատասխան ասաց. «Արգենտինայում այսպիսի ասացվածք կա. նա ով նվագում է, չի պարում»: Փորձելով բացատրել տանգո նվագելիս իր զգացողությունները` նշեց, որ դա սիրահարվելու պես մի բան է, բացատրել հնարավոր չէ: Հավելեց նաև` ամեն անգամ բեմի վրա տանգո նվագում է այնպես, ինչպես դա կաներ վերջին անգամ: Հայաստանի մասին էլ խոսեց. «Հրաշալի երկիր է, գնալու եմ ուրախ, տպավորված: Ինձ համար ոչ մի բան զարմանալի չէ` հայկական ուտեստները, հայերի մասին խոսելը, որովհետև Արգենտինայում կա հայկական մեծ համայնք: Բայց մեծ ցանկություն ունեի ծանոթանալու նաև երկրին»:
Հավելենք, որ ֆիլհարմոնիկ նվագախմբի լարային կազմի և արգենտինացի դաշնակահար Ալդո Սարալեգիի նվագակցությամբ պարային համարներով հանդես կգան Արիաննա Կաոիլին (Ավստրալիա), Սուրեն Մխիթարյանը, Արկադի Ատասունցովը և Դիանա Հայրապետյանը: Արիաննա Կաոիլին Լևոն Արոնյանի կինն է: Նա Ավստրալիայի տանգոյի չեմպիոն է, Հայաստանում ունի պարային խումբ:
Երեկոյի ընթացքում կհնչեն Աստոր Պիացոլլայի, Յակոբ Գադեի, Մարիանո Մորեսի, Անխել Վիյոլդոյի, Էդուարդո Արոլասի, Կարլոս Գարդելի, Ագուստին Բարդիի, Ժերարդո Մատոս Ռոդրիգեսի ստեղծագործություններից:
Արգենտինական տանգոյի երաժշտության և պարերի շատ սպասված երեկոն կկայանա Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրենության նախաձեռնությամբ, ՀՀ-ում Արգենտինայի դեսպանատան և Cօnverse Bank-ի համատեղ աջակցությամբ և ՀՀ մշակույթի նախարարության հետ համագործակցությամբ:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ